Մոսկվայի համար զինադադարը Հալեպում դարձավ ռազմական գործողություններին միջամտության գագաթնակետը, պահ, երբ կարող է իրեն ներկայացնել խաղաղարար՝ 15 ամիս ընդդիմադիր խմբերին ռմբակոծելուց հետո՝ հարկադրելով կապիտուլյացիա՝ գրում է Մարտին Չուլովը The Guardian-ում: Թեհրանի համար մնացած խաղաղ բնակիչներին ու ապստամբ զինյալներին թույլ տալ հեռանալ՝ նշանակում է ազդեցությունը կորցնել հենց այն պահին, երբ Իրանի դերը այդ մարտում սկսել է ստվերել ռուսականին: Այդ պատճառով՝ մի քանի ժամ անց, երբ Թուրքիան ու Ռուսաստանը հայտարարեցին գործարքի մասին, Իրանը անտեսեց՝ պահանջելով հանել պաշարումը Հալեպից հյուսիս գտնվող շիական երկու գյուղերից՝ Ֆուայից ու Կեֆրայից և գերիներին ու սպանվածների դիերը փոխանակել:
Հալեպի հաղթանակը վիթխարի նշանակություն ունի երկու կողմերի համար, սակայն երբ աղմուկն անցնի, տեսանելի կլինի, որ հաղթանակը կարևոր է Իրանի համար: Սիրիայի մեծությամբ երկրորդ քաղաքի և արդյունաբերական կենտրոնի պաշտպանության ապահովումը շատ ավելի նվազ կարևոր է պետության անկախության վերականգնման համար, քան ազդեցության ամրապնդումը և սեփական օրակարգն առաջ տանելը տարածաշրջանի ռազմավարական սրտում: Իրանի իշխանությունները անմիջականորեն պայմանավորվել են «Ախրար աշ Շամի» ընդդիմադիր ապստամբների հետ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Զաբադանի քաղաքի ճակատագրի մասին, որ Դամասկոսից արևմուտք է: Իրանն առաջարկեց փոխանակել քաղաքում ապրող սուննիներին Ֆուա և Կեֆրա գյուղերի բնակիչների հետ, որ կվերաբնակեցվեն Զաբադանիում:
«Իրանը չի ցանկանում սուննիներ տեսնել Դամասկոսից մինչև Լիբանանի սահման,-ասաց մի բարձրաստիճան լիբանանցի պաշտոնյա:- Գոյություն ունի միանգամայն հստակ պլան՝ փոխել կրոնական բաշխումը սահմանին»: Ռուսական նպատակները գաղափարախոսությանը քիչ են վերաբերվում, ավելի շատ ռեալ քաղաքականությանն են կապված: Վլադիմիր Պուտինը վերականգնեց իր ազդեցությունը տարածաշրջանում ԱՄՆ-ի հաշվին, որ իր կարծիքով՝ Բարաք Օբամայի օրոք հրաժարվեց այն դերից, որ տասնամյակներով ուներ: Դոնալդ Թրամփը քիչ է շահագրգռված այդ դերին վերադառնալու մեջ: Հավանաբար, ռուսական ազդեցությունը Մերձավոր Արևելք վերադարձել է, որ մնա: Սակայն, ինչպես ԱՄՆ-ը պարզեց, այդ ազդեցության ամրությունը փորձարկելու է տարածաշրջանային նորահայտ ծանրքաշային Իրանը:
Մարտին ՉՈՒԼՈՎ, The Guardian
Հ.Գ. Խառն են, խառն են գործերը Սիրիայում, ուժերի հավասարակշռությունը փոխվում է պարբերաբար, յուրաքանչյուր երկիր լուծում է իր խնդիրը, իսկ Բաշար Ասադին մնում է հնարավորինս նրանց օգտագործել իր նպատակներին հասնելու համար: Սա ոչ միայն պատերազմի, նաև դիվանագիտության օրենքն է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ